воскресенье, 30 мая 2010 г.

Պարույր Սևակ. Անգին գոհարներ - 3

ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ

Պե՛տք չէ, սիրելի՜ս.
Զո՜ւր ես երդվում:

Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգղ էլ լինեի՝ արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհոէմ ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքդ կորած է,
Որ...

Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես երդվում:

Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.

Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում...

ԱՏՈՒՄ ԵՄ

Ատում եմ ձյունը՝
Թե նա տեղում է ամառվա կեսին,
Եվ մահն եմ ատում՝
Թե հյուր է գալիս աղջըկատեսին,
Մահից ոչ պակաս՝
Եվ այն քողարկված մենատնտեսին,-
Նրան ու նրա՜նց,
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝
Իրենց պետք եկած գերանի համար,
Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝
Մի բուռ չհասած ծիրանի համար.
Ովքեր համայնքի ծովից են խոսում,
Բայց դեպի իրենց լճակն են հոսում...

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ-փուսիկությունը,
Որտեղ դջվար է տարբերել անգամ երեսն աստառից,
Եվ այն հարկադի'ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,
Որ ստացվում է... ցած առաստաղից:

Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,
Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,
Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում...

Ա'յն գործն եմ ատում,
Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,
Ա'յն փորձն եմ ատում,
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,
Ա'յն դավանանքը,
Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,
Գլխացավանքը,
Որ փոխարկվում է սուր գլխացավի...

Խավարն եմ ատում, եթե խավարում
Ո'չ միտք է ծնվում, և ո'չ էլ զավակ:
Եվ լույսն եմ ատում, թեկուզև պայծառ,
Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք...

Ի՞նչ խոսքեր ասեմ այն ձեռագըրին,
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:
Ասե՞մ, թե խղճամ այն տարեգըրին,
Որ նյութ է սարքում,
Ոչ թե հավաքում:
Խղճա՞մ, թե ատեմ այն տարագըրին,
Որ միշտ ապրում է... իր հայրենիքում...

Թու՜հ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,-
Ես չգիտեի...

ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ...

Մենակություն բառից դողդողուն է օդը իմ սենյակի:
ՈՒ ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

...Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ ա՛յ-ա՛յ մարդ է գալու:
Բայց դա եթե սուտ չէ,
Ապա բարություն է,
Որ ծնվել է միայն խեղճությունից:
Իմոնք էլ են սառում:
Սակայն դու չե՜ս գալու:
Դու չե՜ս կարող: Գիտե՜մ:
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ՝
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ.
Որ մարդ ներքև նետվի:

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի՝
Այդ դեպքում ես
Ինչպե՞ս անեմ.
Կու՛ժ չեմ,
Կուժկոտրու՜կ եմ.
Չե՛մ կոտըրվում, միայն փետըրվու՜մ եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն է հոգնել իմ ժանքերից՝
Հեռվից հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող է նու՛յնքան ինձ թարգմանել,
Որքան թարգմանում է ինքնաթիռին հավը...

Սուտ կա, որ ճիշտ արժե:
ՈՒ ես հավատում եմ մեր հնարած ցտին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե:
ՈՒ ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

ՈՒ վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում:

Բայց հոգնել եմ արդեն
Եվ հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչի՜նչ,
Ցա՛վ չեմ զգում անգամ:

Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

ԸՆԿԱԾՆԵՐԸ

Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...

Ամեն մեկը ընկան ա'յլ կերպ.
Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,
Մեկը սրով, տասը՝ հրով.
Մեկը՝ արդեն հայտնի հերոս,
Տասը՝ հերոս դեր չդարձած,
Մեկը՝ իր մոր արցունքներով
Թաց նամակը դեռ չընթերցած,
Տասը՝ նամակ սպասելիս,
Կարոտելիս, երազելիս...

Բայց զոհի' պես չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի'կ,
Ընկան նրանք իբրև մարդի'կ,
Որ սովոր են մահը վանել
Իրենց կյանքով՝ հանուն կյանքի,
Որ սովոր են զրկանք տանել՝
Ընդդեմ ցավի ու զրկանքի.
Որ պատրսատ են հանուն սիրո
Սիրուց առնել ատելու թափ.
Եվ անպարտ են ատելությամբ:
Որ հզոր են հենց այդ սիրով.
Զոհի' նման չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի'կ,
Որ փուլ չգա էլ ապարանք,
Խաղաղ մնա ամեն երդիկ,
Եվ ծխանի ծուխը բարակ
Վե'ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,
Քամուց թերթվի լուրթ երկնքում.
Որ էլ ոչ մի ընտանիքում
Անտերացած ոչ մի աթոռ
Չաղաղակի դատարկությամբ
Թեյի ժամին, ճաշի պահին.
Որ արկերի դղրդոցին
ՈՒ հրդեհի ահեղ բոցին
Փոխարինեն արծաթ բահի
Զրնգոցը երկնքի տակ
Եվ կարոտի շշուկը տաք:

Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում.
Չի' մեղմացել ցավը կրած,
Ատելուտյո'ւնը փրփըրած
Եվ հաղթության տե'նչը խորին՝
Ի գիտություն ա'յն բոլորի,
Որ նայում են շիրմին նրանց
Միայն իբրև մի բլուրի,
Որ հարթվում է կամաց-կամաց, -
Անմիտի պես մոռանալով,
Որ եթե չար թշնամու դեմ
Ապրողները իրենց ուժով
ՈՒ զենքով են անպարտելի,
Ընկածները իրենց հուշո'վ,
Վրեժո'վ են սարսափելի...

ԳԱՐՆԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈՏԸ

Հարկավոր չէ՜,- ասում եմ ես ինքես ինձ,
Ասում եմ ես մտքիս մեջ
Ու մեկ-մեկ էլ՝ գժի նման՝ բարձրաձայն:
Հարկավոր չէ՜ այս նոր սերը ո՜չ մեկիս՝
Ո՜չ քեզ, ո՜չ ինձ:
Ո՜չ մեկիս...

Բայց ակամա դերասանից (հասկանու՞մ ես, ակամա՜),
Հա՜, ակամա դերասանից ո՞վ կա դժբախտ առավել...
Եվ կույր ձեռքս
կույրին հատուկ խարխափումով ու դողով
Հեռվից-հեռու ձեռքդ, մեջքդ կամ աչքերդ է որոնում
Եվ մոլեգին շոշափումով կարծես նրանց վրայից
Ջնջում է իմ “հարկավոր չէ” -ն տառ առ տառ...

Վա՜յ քեզ թշվա՜ռ երջանկություն,
Տանջանքի հո՜ղը գլխիդ:
Մի՞թե նրա չափ էլ չկաս, որ չտանջես ինքդ քեզ,
Որ մոռանաս “միթե” -ները,
“Չէ որ”-ները քո երկսայր
Եվ անձնատուր լինես ինքըդ քո ընթացքին
Գարնան պես:

Իսկ գարո՜նը...
Արձակվում է ճամփաների պաղն արդեն:
Կպչուն ցեխն է հովեր առնում իշխելու:
Եվ ձների մարմնի վրա վտակները հալոցքի
Իրենց հունով բաց են անում նորանոր
Երակներ ու զարկերակներ սև ու տաք.
Սկսվում է մի նոր գարուն անհատա՜կ ու անհատա՜կ՝
Երազի մեջ մեզ պատահող անկումի՜ պես անհատակ...

Ինչքա՜ն կուզես “հարկավոր չէ՜” գոռգոռա.
Ինչքա՜ն կուզե թող ուղեղըդ երկմտանքի սև ջերմից
Ձյան պես հալվի,
Դառնա պաղած թանապուր.
Ինչքա՜ն կուզես խաչ դիր վրադ
Քո սեփական արյունով,-
Միևնո՜ւյնն է.
“Հարկավոր չէ՜”-ն իր իսկ կամքին հակառակ,
Ինքն իրենից թաքուն անգամ՝
Ի վերջո
Վերափոխվում ու դառնում է “ի՜նչ ուզում է թող լինի”,
Որովհետև... մարդե մա՜րդ է, ո՛չ թե քայլող գաղափար...
Որովհետև... “չէ որ”-ները նո՛յնպես քնել են ուզում...
Որովհետև... ինքդ գարնան վտանգավոր հոտ ունես...
Որովհետև... ինքս էլ գարնան վտանգավոր այդ հոտից
Միշտ զգում եմ գլխապտույտ,
Որ տևում է ամիսներ...
Որովհետև... պարտվե՞լ, այո՛,
Ումի՜ց կուզես դու պարտվի՛ր,
Սակայնո՛չ թե ինքդ քեզնից.
Ինքդ քեզնից պարտվելով՝
Դու դառնում ես փսոր ծամոն
Կամ ինքնաթափ պատի ծեփ
Եվ ոչ նույնիսկ մի մեքենա,
Գեթ մեքենա՛ խելացի,
Որ կուզեի՛ իրոք դառնալ,
Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Եթե բնավ չի՛ ստացվում, ի՞նչ անեմ:

Էլ ի՞նչ մնաց, որ ի՜նչ անեմ, սիրելի՛ս:
Մնաց գոռա՜լ, թե երկուսիս՝ ինձ ու քեզ,
“Հարկավոր չէ՛”-ն հարկավոր չէ՛ իսկապես.
Մե՛նք ենք իրար հարկավոր...

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Եթե աշխարհիս ճանապարհները
Լինեին միակողանի լոկ գալու համար
Եվ ոչ գնալու...
Դու ինձ կարող ես հիմա չլսել.
Եվ մի ել լսիր.
Գնա,
Որ ինքդ նույնը հասկանաս
Եվ հասկանալով նաև հասկացնես,
Որ աշխարհումս ճշմարտությունը չի հետազոտվում,
Ճշմարտությունը ապրվում է լոկ:
- Բարի ճանապարհ.
Կյանքի վճռական բոլոր պահերին
Միշտ էլ լռում են մի քանի րոպե.
Այդպես է նաև ճանապարհելիս.
Եվ կարճ են խոսում ճանապարհելիս
Նաև հապշտապ.
Ահա թե ինչ հոգուս խորքերում ու լեզվիս վրա
Բազմակետերն են խոսքերին հախթում,
Եվ ինչ որ զեռուն բառեր են վխտում-
“Իհարկե... Սակայն... և այսուհանդերձ”...
Եվ այսուհանդերձ, թերևս գուցե
-Բարի ... վերադարձ

ԳԼԽԱՊՏՈՒՅՏ

Դու իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով...
Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ։
Իսկ ինչպե՞ս ես դու։
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ։
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ- Իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով։
Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ՝
Մի գունդուկծի՛կ,
Բառերի մի պա՜րս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ։
Եթե երբեւէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն՝
Թող թռչեն սիրո՜վ,
Մի՛միայն սիրով
Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք։
Մի՞թե քո հեռվից՝
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված։
Իսկ թե լսում ես խոսքերըս չասված՝
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ, պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Մի՛միայն մեկին
Կարողանայի՜ մտովին ասել.
“Դո՛ւ- իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով”։
Քիչ ենք օգտըվել մենք բարությունից։
Եվ դրանից չէ՞, որ հետզհետե
Բարի եմ դառնում,
Եվ այնքա՜ն բարի,
Որ խղճում եմ ես... մենակությանն էլ։
Նա էլ է տանջվել ու հոգնել։
Մեղք է։
Եկ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ... այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը։
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբեւէ,
- Ես ի՜նչ իմանամ գուցե գիտես դո՞ւ,
Դո՛ւ- իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը ճակատագըրով։
Ու ձյուն է գալիս,
Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն։
Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
Հեռավո՜ր մի բան,
Մի հիշողությո՛ւն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճիշտ է, բայց եւ չեն ապրում,
Ինչպես չի մեռնում, բայց եւ չի ապրում
Սե՛րըս- վերջի՜նըս թյուրիմացաբար,
Բայց եւ միա՜կըս՝ ճակատագըրով։
Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք՝
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի.
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ... կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ, որ դու չես եղել
Ո՛չ իմ միակը՝ ճակատագըրո՜վ,
Ո՛չ իմ վերջինը՝ թյուրիմացաբա՜ր...

Ո՞Վ ԳԻՏԻ

Գուցե կյանքս ճիշտ չեմ ապրում, վերջն է եկել, ո՞վ գիտի
Մի շտապիր պախարակել, գլխի գալիքն ո՞վ գիտի
Երբ ջահել ենք, չենք հասկանում, որն է ճիշտը, ո՞վ գիտի
Գուցե գինին մի բան ասի, փորձեմ, թեեւ ո՞վ գիտի

Քանի տարբեր ճամփեք ունեմ, ճամփի վերջը ո՞վ գիտի
Որով գնամ, որը թողնեմ, լավն ու վատը ո՞վ գիտի
Երգիս մեջ եմ վիշտս խեղդում, սրտիս տաղերն ո՞վ գիտի
Կողքից կյանքս հեշտ է թվում, հոգուս դարդերն ո՞վ գիտի

Ինչի համար աշխարհ եկա, կյանք ապրեցի, ո՞վ գիտի
Մի՞թե ճիշտ է գինու թասում օրը վառել, ո՞վ գիտի
Հարցեր ունեմ հազար տեսակ, պատասխաններն ո՞վ գիտի
ՏԵՐ ԻՄ, ՏՈՒՐ ԻՆՁ ՄԻ ԱՊԱՍՏԱՆ, ԲԱԽՏԻ ԽԱՂԵՐՆ Ո՞Վ ԳԻՏԻ

Չես հավատում

Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ քո, ո՛չ իմ անցյալին.
Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին։

Դու կարծում ես, որ ամեն ինչ, ողջը սուտ էր մեր միջև,
Ճիշտ էր միայն երկար ճամբան՝ լիքը փշեր ու խճեր:

Ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն -
Իզու՜ր էին մեր սրտերը սպասումից թփրտում։

Ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,–
Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո պղինձ, վերջը՝ կավ...

Ես տեսնում եմ ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,
Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով։

Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,
Քեզ ամեն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր։

Քեզ թվում է, որ մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու,–
Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում...

Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո
Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով...

Комментариев нет: