воскресенье, 19 апреля 2009 г.

Եղիշե Չարենց. Բուալոյի տաղերը

Աղոտք

Փրկի՛ր ինձ, աստվա՛ծ, երկու բանից ―
Թե Ք․-ի նման խեղճ թշնամուց,
Թե Ա․-ի նման բարեկամից։
1928

Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում
Ես, անբարբառ մի մանուկ,
երկու ձեռքս պարզեցի․․․
ՄԻՔ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Այս ամրոցի օդում՝ մգլահամ ու ճնշող՝
Ստվերներ են շրջում օրհասական,-
Եվ անցյալի մռայլ ոտնաձայնն է հնչում
Ինչպես մահվան քայլերգ հերոսական․․․
Ուրուների նման արնակարմիր ու վեհ,
Հայացքներում վճիռ ու տառապանք անգո՝
Տեսլանում են ահա մարտիրոսներն իմ դեմ
Եղերական ու սուրբ կերպարանքով:-

Այսպես, շարան-շարան, ստվերներ հի՛ն,
Հին անուններ - այնքան հերոսական,
Դեմքեր - և՛ պարզ, և՛ ջինջ, և՛ սիրելի -
Ահա կանգնում են իմ մտքի առաջ:
Սերունդներ են ամբողջ, մի վեհ բանակ,
Շռնդալով անցնող հաղթական երթ,
Հերոսության, փառքի մի ճանապարհ անհաս,
Հիմա դարձած անցած օրերի երգ․․․

Իսկ այս բակում ահա, ուր հիմա մի
Շենք կա կանգնած ուրիշ,- այստեղ ահա
Ա՛յլ բաստիոն է հին ու ամեհի
Ցցված եղել առաջ, որպես պահակ
Արքաների փառքի ու ցոփության․․․
Հյուսիսային այն ցուրտ դեկտեմբերյան օրից,
Որ արշալույսն եղավ այս օրերի,
Տառապել են այստեղ բազմություններ ուրիշ,
Բայց նո՛ւյնքան վեհ, անբիծ հերոսների:
Իմ ուղեղի միջով հիմա նրանք
Ահա անցնում են լուռ, խստաբարո,
Խարազանի հետքեր մարմինների վրա,
Բայց աչքերում վճիռ մի չմարող:
Մտաբերում եմ ես նրանց մեկ-մեկ,
Ռիլեևից մինչեւ պայծառատես
Այն մտածողը վեհ ու հանճարեղ,
Որին Մա՛րքսն է մի օր անվանել մեծ:
Այս քարերի վրա, այս պատերի,
Որոնց նայել են այդ մարդիկ մի օր -
Հայացքների նրանց ու խոհերի
Անանց հետքերն եմ ես փնտրում սիրով:
Վաղուց արդեն թողել, հեռացել են նրանք,
Որոնք ինձ հետ մտան բակն այս ահի,-
Անխոս նայում եմ ես այս պատերին մռայլ,
Շուրջս մութն է արդեն ու ամայի:
Հրաժեշտ եմ տալիս արդեն նրանց,
Շուռ եմ գալիս արդեն, որ գնամ ետ -
Երբ իջնում է հանկարծ ուսիս վրա,
Անակնկալ՝ իջնում է մի ծանր ձեռք:-

Ետ եմ նայում, վերև․․․ Թեքված ուսիս՝
Մի մարդ՝ դեմքով հեռու, անիրական,-
Մտերմական ձայնով ասում է ինձ.
- Դուք ինձ մոռացե՜լ եք, բարեկամ․․․
Բարձրահասակ է, ջղուտ, աչքերը սև,
Բակենբարդներ ունի, փոքրիկ մորուս:
Ես որտե՞ղ եմ նրան արդյոք տեսել․
Կյանքո՞ւմ արդյոք, տենդո՞ւմ, թե՞ գրքերում:
Վշտանման ժպիտ մի աչքերում՝
Նայում է նա, նայում՝ հայացքն հառած.
- Ի՞նչ է, - ասում է,- չե՞ք մտաբերում
Տարիներում այն մութ իմ բարբառած
Շռնդալից երգերն ըմբոստության մասին:-
Մաքառելո՛վ անցա ուղին ես իմ,
Պայքարելո՛վ այն սև բռնության դե՛մ,-
Եվ պարծանքո՛վ կասեմ, որ բարեկամ էի
Ես Հերցենի, պոետ Օգարևի հե՛տ․․․
- Ա,- զարմանում եմ ես, ճանաչելով նրան,
Պարզում թևերս, որ նրան գրկեմ․ -
Նա ողջունում է ինձ ու հեռանում արագ -
Ամայի բակն է լոկ լռում իմ դեմ․․․

1929

Անքնություն
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Դաշնակցականներին
Լծված տերերի շառաչուն կառքին՝
Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝
Անկում եք կարդում իմ նոր աշխարքին:
Օ, դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր,
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված՝ արդյոք կարո՞ղ եք տեսնել,
Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:
Կարո՞ղ եք արդյոք ձեր դեղին ոգին,
Որ սնվել է լոկ հրով ու արյամբ.-
Ծառս չլինի ու չբողոքի
Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ:
Դուք չե՞ք հրդեհով միշտ շառագունել
Ու երկիրն հանձնել սրի ու հրի,
Օ, դո՛ւք, արշինի՛ երկրպագուներ,
Ասպետներ ոսկու ու մաուզերի:
Դուք չէի՞ք արդյոք, որ բախտը այս մերկ,
Բազում սրերով զարկած աշխարքի
Ձեր պիղծ ձեռքերով կապեցիք երեկ
Բռնակալների արնածոր կառքին:
Դուք չէի՞ք, որ մեր այս բազմալեզու
Երկրի առաջին այգաբացին դե՛ռ,
Գործերով ձեր պիղծ, ու ժանտ, ու քսու
Դարձաք բռնակալ ցարերին ընկեր:
Եվ ըմբոստության շունչը գեղեցիկ,
Որ հառնում էր այն դժնի օրերում-
Դուք չէի՞ք, որ ձեր ձեռքով խեղդեցիք
Այն ազգամիջյան սև նախճիրներում:
Դուք չէի՞ք, որ ողջ Ժողովուրդը իմ
Այն անօրինակ փորձության ժամին
Քշեցիք դեպի դաշտերը ռազմի,
Որպես հավելյալ թնդանոթի մի՛ս:-
Անշե՛ղ է եղել ձեր ուղին միշտ է՛լ,
Դուք պատվով եք ձեր պայքարը տարել.-
Եվ դա - տերերի պայքարն է եղել
Իր երթին ելած ժողովրդի դե՛մ:
Դա չդադարող պայքա՛րն է եղել
Ձեզ կյանքի կոչած դասակարգերի,-
Եվ ձեր գործերի պսակն հրեղեն
Եղել է երկիրն՝ արցունքի հեղեղ,
Եվ ժողովուրդը՝ կրկնակի՛ գերի: -

Ո՞ր դժոխքն է էլ ձեզ այդպես հեգնել
Ու լցրել այդքան անմիտ ցանկությամբ,
Որ տե՜ր եք ուզում դուք այսօր կանգնել
Դարերի՜ ավանդ մեր ժառանգության:-
Դուք տեր եք ուզում ձեզ հայտարարել
Այն հերոսական, հսկա պայքարի,
Որ ժողովո՛ւրդն է իմ երեկ վարել
Ընդդեմ բռնակալ սուլթանի՛, ցարի՛:
Դժգոհ է եղել իր վզին նստած
Բռնակալներից նա բազմապիսի,-
Դուք նրա վսեմ ընդվզումը այս
Ենթարկել եք միշտ ձեր մութ երազին:-
Նա ծա՜ռս է եղել տիրողների դեմ՝
Լինելով անհաց վաստակի գործիք,-
Դուք ըմբոստության այդ տենչը վսեմ
Աշխատել եք միշտ ցանցել ու լծել
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի գործին:-
Լեռնացել է նա, իր սիրտը սրբել
Արհավիրքների հրե հորձանքում-
Դուք նրան դավել, մեջքի՜ց եք խփել
Ու տարել անվերջ անկումից անկում:-
Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ
Ձե՛րն հայտարարել մտքերով մթին,-
Մենք չե՛նք տա սակայն այդ պսակը ձեզ,
Չի սազում նա ձեր արնոտ մռութին:
Իզո՜ւր եք ոռնում այդպես վայրահաչ
Դուք անկախության պայքարի մասին․-
Դա մե՜րն է հիմա, դա մե՛րն էր առաջ,
Որքան էլ դավով դուք բազմապիսի
Փորձեր եք արել, փորձում եք հիմա,
Ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն
Մեզ քշել դեպի կործանում ու մահ,
Մեզ լծել, ծախու գրաստի նման,
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին:

Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր․
Այնպես էլ գերի աշխարհին իմ հին-
Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին:
Մեզ ասին նրանք, որ կյանք մի վսեմ
Կերտելու համար հարկավոր է նախ
Ձեր դե՛մ մահացու պայքար սկսել,
Ձեզանի՛ց լինել հեռու ու անկախ:
Եվ կրում ենք մենք այդ պայքարը վեհ
Մեր երկրի անկախ արևի ներքո,
Որ Լենի՛նն է մեծ մեզ մի օր տվել՝
Պրոլետարիատի հաղթական ձեռքով:
Ոռնացե՜ք այդտեղ, որքան կամենաք,
Ու սրե՛ք մեր դեմ սուսեր ժանգոտած,-
Մենք կլնենք անհա՛ղթ, մենք կլնենք անա՛հ,
Երբ թնդանոթը մեր դեմ որոտա:-
Իսկ մինչ այդ՝ կապված ամբողջ աշխարհի
Պայքարի ելած ստրուկների հետ՝
Կերտում ենք ահա մի շենք վիթխարի,
Որ շիրիմն է ձեր լինելու հավետ:-
Մաքառում ենք մենք՝ մեր երթին լծված,
Աշխատում անդուլ, կերտում, կառուցում,-
Եվ վաղվա անմար հավատով լցված՝
Երգում է քնարն իմ պղնձաձույլ․․․
1929

Խեղկատակ
Ու գինու պես քո հոգին
Հորդ կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին։
«Խրախճանք», բալլադ 1-ի

Կուզե՞ք - երգեմ ՝
Ձեզ համար,
Հիմա:
Այնպես երգեմ, որ զգաք-
Ինչ որ կուզեք, կուզեք - սեր
Կուզեք - մահ:
Ես երգում եմ, որ հուզեմ.
Տալիս եմ երգս լուսե
Ու՛մ որ կուզեք. թեկուզ նա
Լինի պոռնիկը վերջին.
Դուր չի՞ գալիս ձեզ միթե
Այս քնքշությունը -
Առջի:

Ես երգում եմ ակամա:
Ի'նչ էլ երգեմ, կուզեք - սեր ,
Կուզեք - մահ: -
Բայց չե'մ կեղծում ես երբեք։
Լսե՛ք երգերս
Ահա-
Լսե'ք երգերս , բայց թե -
Չհարբեք:
Ես չեմ ուզում , որ հարբեք.
Լավ չէ , գիտե՞ք, երբ որ մի
Անհու՜ն կարոտ դառնում է քաղցր
Քամի…

Չե՞ք հասկանում։
Իզու՜ր, իզու՜ր։ Դուք պե՛տք է որ
Հասկանաք։
Թռչել է պետք. սակայն ու՞ր։-

Չե՞ք հասկանում. ես կուզեմ,
Որ իմ երգերը
Լուսե -
Ձեզ թուղթ թվան ու թանաք։
Չեք հասկանում… - Դուք պե՛տք է որ
Հասկանաք։

Ուրիշ - ոչինչ։
Ու հիմա --
Նու՛յնն է նորից. ես երգում եմ, որ հուզեմ
Ես երգում եմ - ակամա։
Ի՛նչ էլ երգեմ ՝ կուզեք - սեր,
Կուզեք - մահ։

Ես - խեղկատակ եմ հիմա…

Հարդագողի ճամփորդները
Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական ―
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան։
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ ―
Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ։
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում ―
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր։
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,―
Բայց աչքերը մեր ― արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը ― լուսավոր հեռուներ։
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն։
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում ― արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն ― հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց․․․ բայց չգիտեմ, թե ինչու ―
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի․․․
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն ―
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր։
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն։
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․

Էպիքական առավոտ
Աղջամուղջը նայում է աչքիս
Այսօր խստաբարո, զգա՛ստ։
Առավոտը շուտով կբացվի,
Եվ սիրտս խնդություն կզգա։
Ինչ լա՜վ է՝ բարձրանալ կանուխ
Եվ տեսնել, ճեղքելով մառախուղը,
Թե ո՜նց է ձգվելով բարձրանում
Ծխնելույզի ծուխը։-
Զգալ, որ հո՛գսն է արթնանում,
Որ ուղի՛ պիտի դեռ գնաս,
Մի ուղի, որ վե՛ր է դեռ տանում,
Մի ճանապարհ անհաս...
Դու այդպե՛ս բացվեցիր գլխիս,
Իմ վերջի՛ն հասունություն...
Դժվարին է հիմա իմ ուղին -
Եվ գնում եմ ահա ես արթուն։
Դիմացից հո՜գսն է նայում,-
Հարկավոր է երկա՜ր մաքառել,
Որ գործը լինի մնայուն,
Ինչպես միջօրեի արև։-
Դիմացից սերունդնե՛րն են նայում,
Սաստում են, որ գնամ զգաստ.-
Ինձ անտես մի ձեռք է պահում
Ճանապարհին իմ այս...

Սիրո՛վ եմ բաժանվում քեզանից,
Իմ հախո՛ւռն անփութություն,
Իմ անհոգ օրե՜ր պատանի,
Իմ շռա՜յլ ջահելություն։
Ողջունում եմ քեզ խնդությամբ
Եվ ո՜չ թե դառը ցավով,
Իմ վերջի՜ն, վերջի՜ն այգաբաց,
Իմ էպիքական առավոտ...

Սև կախաղան
Ինձ բոլորն են խաբում, սիրտ իմ,
Եվ ես անօգ եմ մարդկանց հանդեպ:
Աշխարհը, կյանքը բիրտ է,
Իսկ դու միամիտ ես այնպե՜ս...

Գալիս են աչքերիդ առաջ
Կատարում ինչ որ կուզեն,
Իսկ դու հայացքդ վեր հառած
Որոճում ես հիմարական հույզեր:

Քեզ խաբում են, անում ոտնակոխ,
Եթե լույս ես տալիս, համարելով այն թույն
Ձգտումներ և՛ սին, և՛ լրբենի թակով
Իրենց գործն են տեսնում վատթարագույն:

Երազում եմ միայն թքել դեմքիդ
Եվ լույսերիդ հանդեպ քեզ թույն ձոնել,
Լավ չէ՞ արդյոք որ դու կործանվելով հիմքից
Սև կախաղան ելած պարտությունդ տոնես:

Թքես ինքդ էլ քո այն ամենալույս
Ամենասուրբ կոչածդ ուրուների վրա
Անարգելով ամեն փրկության հույս՝
Ինքդ մարես ճրագն այս հուրհուրան...

Ստալին
Իոհան Ահեղի ստվե՞րն է կրկին
Բարձրացել Կրեմլի գետնախորերից. ―
Եվ զարհուրելի, խառնակ օրերի
Սարսափն է կրկին ավետում երկրին...

Մի՞թե անիշխան երկրի դեռ կայուն
Բռնակալության միակ հենարան ―
Աչքերում կարմիր զարհուրանք արյան,
Եվ ինքն է դեռ այս երկիրը պահում...

Եվ մի՞թե սարսափ առած գազանի
Իր մահն զգացող բորենու նման,
Մահվան մուժն է նա հալածում հիմա
Շաչյունով կացնի ու խարազանի...

Եվ մի՞թե ինչպես դարեր դեռ առաջ,
Ապրում ենք կրկին ահեղ նախօրե, ―
Եվ գալու են խոլ ու խառնակ օրեր, ―
Ասպատակություն, նախճիր, կոտորած:

Եվ խարույկների հրաճարակին
Դեռ քանի՜ սերունդ պիտի մոխրանա,
Եվ միջնադարյան դեռ մուժ է գալու,
Մինչև ճառագի այգը իսկական...

Մահվան տեսիլ
Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի-
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու.


Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան-
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց-մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշպարան, ու երկնուղեղ փայտե՛ր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ոչ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի․․․


Երթամ մարող ու մարմարող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուշեղ
Ու օրորվեմ` եղերական ու անբասիր․․․
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...


Комментариев нет: