ԵՐԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ ՑԵՂԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՉԷ
Չեմ կարծում, որ օրուայ` կրակ առած մեր Երկրագնդի վրայ մի այլ ժողովուրդ այնքա՜ն յաճախ խօսէր հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին, որքան հայը: Յաճախէ՜ք մեր հանդէսները եւ անմիջապէս պիտի համոզուէք, որ ամենից շատ հայ մարդն է «ուխտում» ծառայել հայրենիքին, մեռնել նրա համար: Այդ երեւոյթի հոգեբանական գաղտնիքը նրանումն է, որ հայ «հայրենասէր»-ը քաջ գիտէ, թէ իր կուրծք ծեծելը, իր ուխտը բնաւ չի՜ պարտաւորեցնում իրեն ո՜չ միայն մեռնել, այլեւ անշահասիրաբար օգտակար լինել իր հայրենիքին:
* * *
Չեմ ճանաչում, նմանապէս, մի այլ ժողովուրդ, որի հայրենասիրութիւնը բովանդակութեամբ այնքա՜ն աղքատ լինէր, որպիսին է դա մեր ժողովրդի մի մասի մօտ: Հայ մարդու հայրենասիրական բառամթերքը կը բաւէ մէկին միջակ հռետոր դարձնելու: Բոց ու խանդ - որքան ուզէք, բայց ծոյլ, անպտուղ, անզոհաբերող է այդ հայրենասիրութիւնը: Եւ հենց այդ է պատճառը, որ մեզանում «հայրենասէր» համարուածն էլ վտանգի ժամանակ իր հայրենիքը թողել է կրակների մէջ եւ փախել վատօրէն:
* * *
Վերացական է հայկական հայրենասիրութիւնը: Շատերը հայրենիքը փնտռում են ամպերում, միստիկ մշուշի մէջ, երբ դա այնքա՜ն մօտ է մեզ` մեր ուշադրութեան, նուիրումին, պաշտամունքին կարօտ: Շատերի համար` Հայաստանը դեռ մի գաղափար է, մի ամնեզիա, մի սիոն, մի զոհասեղան: Մոռանալով այն, որ է՜, որ ապրում է, որով սիրելի է, սուրբ` նմանները Հայաստանի փոխարէն պատկերում են մի ինչ-որ կին` սեւերի մէջ, հերարձակ նստած ճամբաների եզրին կամ աւերակների վրայ: Մի շքեղ տեսիլք, մի երազ, մի քարտէս, բայց ո՜չ մեր ցեղը եւ Հայրենիքը: Այսպէս, վերացականօրէն խորհելով ու խօսելով Հայաստանի մասին` հայը մառախլապատում է ո՜չ միայն «հայրենիք» հասկացողութիւնը, այլ եւ` իր ազգային պարտականութիւնն ու պատասխանատուութիւնը: Հայաստանը կարօտ է կոնկրետ ու կենդանի հայրենասիրութեան:
* * *
Հայոց հայրենասիրութիւնը կրում է տօնական, հանդիսային, ազնուապետական բնոյթ: Դա յարմար է հռետորութեան եւ տաք սեղանների շուրջը շաչող բաժակաճառերի, բայց ո՜չ եւ Հայաստանին ու հայութեան: Հայաստանը պէտք ունի հանապազօրեայ եւ զոհայօժար հայրենասիրութեան: Գռեհիկ, անհայրենասիրութեան աստիճան գռեհիկ է ոմանց հայրենասիրութիւնը:
* * *
Վերջերս մէկը գրեց. «Հայրենիքն է անհատի համար, եւ ո՜չ թէ անհատը` հայրենիքի»: Դա նշանակում է` հայրենիքը համարել միջոց, անհատը` նպատակ: Դա ասել է` երբ վտանգ կայ, թո՜ղ կործանուի հայրենիքը, միայն թէ ապրի անասնահոգի անհատը: Նման հայրենասիրութեան եւ անհայրենասիրութեան միջեւ տարբերութիւնը բառային է միայն:
* * *
Մեր հայրենիքի դժբախտութեան ներքին պատճառներէն գլխաւորը - դա հայ մարդու օրուայ ստահայրենասիրութիւնն է: Ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ այդպէս: Ինչո՞ւ հայկական կազմակերպութիւններից ու հաստատութիւններից շատերը դարձել են կեղծիքի դպրոց: Ինչո՞ւ - որովհետեւ օրուայ հայը մնում է կտրուած իր էաբանական արմատից, իր խորքից - իր ցեղից: Դա դեռ չի՜ հասկացել, որ ինքը, իբրեւ մարդկային անհատ, ծնունդն է որոշ ժառանգականութեան ու միջավայրի - Ցեղի եւ Հայրենիքի. չի՜ գիտակցել, որ ամեն մարդ իր ցեղից է ժառանգում իր ֆիզիքական եւ հոգեկան առանձնայատկութիւնները եւ որ իր հերթին նա էլ իր տաք արիւնը - իր պոտենցիալ անմահութիւնն է կտակում` Յաւիտենականին, որպէսզի որոշ ոգի եւ դիմագծութիւն ստանան հայոց գալիք սերունդները: Սեղմ ասած` որ ինքը, իբրեւ մարմնահոգեկան կազմուածք` մի ցեղային ժառանգութիւն է: Այդ գիտակցութեան պակասի պատճառով` զզուելիօրէն կարճաշունչ է օրուայ հայու հայրենասիրութիւնը - անզօր` նրան մեծ շարժուձեւերի ու գործերի առաջնորդելու: Պակասաւո՞ր է դա - այդ հայրենասիրութիւնը նաեւ ցեղասիրութիւն չէ - դա իր մէջ չի՜ պարփակում մեր արեան գաղափարը: Ցե՜ղն է այս կամ այն երկիրը դարձնում հայրենիք: Հողն առանց ցեղի, ասել է` մարմին առանց հոգու: Ահա՜ թէ ինչո՜ւ հայոց հայրենիք ասել է` հայոց ցեղաստան: Մի ժողովուրդ, որ իր մտածումից եւ հաստատութիւններից դուրս է թողնում ցեղը` հոգեզրկում է իրեն, հարստահարում է իր մետաֆիզիք էութիւնը, տկարացնում իր մշակութաստեղծ եռանդը, իր հերոսական թափը - խորապէս մեղանչում է իր գոյութեան դէմ: Սուտ ու սնանկ է նման հոգեթափի հայրենասիրութիւնը, մեռեալ` իր ազգային պարտականութեան ու պատասխանատուութեան զգացումը:
* * *
Այսօր, մասնաւորապէս, երեք բան զերծ պէտք է պահել ստահայրենասիրութեան պղծանքից - հայ խաչը, մանուկը, գիրը: Ազգերը չունեն աւելի ճակատագրական պաշտօնեաներ, քան իրենց եկեղեցին, դպրոցը եւ մամուլը վարողները: Կղեր, ուսուցիչ, խմբագիր - մեծագոյն օրհնութիւն, եւ չարիք միաժամանակ: Օրհնութի՜ւն են, երբ ցե՜ղն է վարում սրանց խղճմտանքը, անէ՜ծք, երբ ցեղից չեն առնում իրենց ներշնչումները: Պղծադաւան է այն հոգեւորականը - որով եւ` ամենավտանգաւորը ազգի ներքին թշնամիներէն, եթէ իր վարած եկեղեցին նա չի դարձնում նաե՜ւ ցեղի տունը: Սփիւռքի հայոց եկեղեցիներից շատերում, յուրախութիւն թուրքի եւ բոլշեւիկի, դեռ ցեղը տեղ չունի: Նման հաստատութիւնները կարող են ծառայել ամեն բանի, բայց ոչ Աստծուն եւ Հայրենիքին: Պաշտօնապղծութիւն է կատարում ուսուցիչը, որի մարգարէն ցեղամերժ Մարքսն է, Լենինը: Նմանը` ո՜չ թէ մտածումով, զգացումով ու գործով հայեր, այլ` հայօրէն սատակներ կը հասցնի վաղուայ համար: Հապա անցեղաշունչ թե՞րթը, գի՞րքը, որոնց ամբողջ հայկականութիւնը կայանում է նրանում, որ հայատառ են: Հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին աղմկում են նմաններն էլ, առանց անդրադառնալու, որ պղծութիւն է կատարում ամեն անհատ, կազմակերպութիւն, հաստատութիւն, որի մտածումի, զգացողութեան ու գործերի մէջ ցեղը տեղ չունի, բայց եւ այնպէս` խօսում է ազգի եւ հայրենիքի անունից: Հոգեւոր չարաշահութի՜ւն եւ անբարոյականութիւններից ամենազազրելի՜ն է դա: Սրա՜նք են խաթարում մեր ազգային ոգին, մտածողութիւնը, նկարագիրը:
* * *
Հայրենիք սիրել, ասել է` խորազգալ, խորհել ու գործել ա՜յն, որ անհրաժեշտ է ցեղի եւ հայրենիքի հզօրացման եւ յաւերժացման համար: Ցե՜ղն է մեզ օժտում յաւիտենականի զգացումով: Անցեղակրօնը միշտ էլ ենթադրում է յաւիտենական զգացումից զուրկ արարած: Իսկ նմանը, ըստ իմաստասէր Ֆիխտէի, «սէր չունի ո՜չ իր անձի, ո՜չ էլ իր հայրենիքի հանդէպ»:
* * *
Սիրե՞լ - սիրում են ե՜ւ շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը, հաճոյքը, յարմարութիւնը - անցողական սակաւարժէք հազար ու մէկ բաներ: Իսկ Հայրենիքը - դա, իբրեւ գերագոյն արժէք - պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտւում են նաե՜ւ: Սիրում ենք շա՜տ բաներ, բայց արիւն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՜չ միայն մեր սիրտը, այլեւ` մեր արիւնը, երբ դա անհրաժեշտ է իր գոյութեան համար: Սէրն աւելի իրաւունք է ճանաչում, պաշտամունքը` պարտականութիւն:
* * *
Մարդիկ աւելի հեշտ են համերաշխում, միաբանում պաշտամունքի, քան սիրոյ մէջ, որի առարկաները բազում են, մեծ մասամբ` հասարակ: Ընդհանուր պաշտամունքի դէպքում` ժողովրդի մտածումն ու գործը ընթանում են ներդաշնակ: Ինչ որ է ժողովրդի հասկացողութիւնը իր հոգեւոր էութեան, նոյնն է դա իր հայրենիքի մասին: Նիւթապաշտի հայրենիքը` մի երկրամաս է լոկ եւ ուրիշ ոչինչ: Նմանը սիրում է իրեն կերակրող ու պատսպարող երկիրը, եւ այդ սահմանափակ, գրեթէ նախնական սէրը անուանում է հայրենասիրութիւն, որն ունի կենսաբանական, բայց ոչ ե՜ւ հոգեւոր հիմքեր: Գաղութահայութեան օրուայ պառակտեալ վիճակը ապացոյց եւ արդիւնք է ընդհանուր պաշտամունքի պակասի: Անցեղակնիք խմբակ-ցութիւններն ու հաստատութիւնները շարունակում են ստահայրենա-սիրութիւնը գործածել իբրեւ կեղծիք, շպար, որով` է՜լ աւելի ամբոխացնում են ու ցրում մեր ժողովուրդը, երբ դա այսօր այնքա՜ն կարիք ունի միանալու ցեղը խորհրդանշող մի հատիկ դրօշի տակ: Հաւատա՜նք - Հայաստանից դուրս էլ հայը հա՜յ կը մնայ, եթէ մնաց կապուած իր ցեղի ճակատագրին: Իսկ դրա համար` օր, ժամ, վայրկեան առաջ հայոց բառարաններից սրբենք հայրենասէր եւ հայրենասիրութիւն սնամէջ բառերը: Հայրենիքին, որ ասել է` ե՜ւ ցեղին - վայել է խոր պաշտամունք. նրան հայրենապաշտնե՜ր են պէտք, որպիսին դառնում են ցե՜ղը, միայն ցե՜ղը դաւանողները: Այո՜, առանց ցեղասիրութեան չկա՜յ ճշմարիտ հայրենասիրութիւն:
«Ռազմիկ», 1941 թ., թիւ 11, 12
Комментариев нет:
Отправить комментарий